«Արևը կծագի, և մենք նորից կփորձենք»-ը հայ պարագիր Տոմա Այդինյանի պարային մոնոներկայացումն է։ Այն անդրադառնում է պայքարին, որը տեղի է ունենում մարդու ներքին և արտաքին աշխարհների միջև, և դիտարկում է մարդու մշտական ձգտումը հավասարակշռություն գտնելու, խաղաղվելու, ինչն այդքան դժվար է անել մեր ժամանակներում:
Պարային այս մոնոներկայացումը մարդու հոգեբանական, էմոցիոնալ և փիլիսոփայական ճանապարհի յուրահատուկ ուսումնասիրություն է՝ պարային լեզվի միջոցով, որտեղ շարժման յուրաքանչյուր փոփոխություն արտահայտում է մեր բարդ հարաբերությունները մեր ներքին եսի հետ։
Հոկտեմբերի 17-ին և 18-ին,
Սկիզբը` 19։00
Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն, ՆՓԱԿ (Փ․Բուզանդ 1/3)
Տևողությունը՝ 20ր
Տոմսի արժեքը 3000 դրամ
Տոմա Այդինյանը պրոֆեսիոնալ պարուհի և պարագիր է, ավելի քան 20 տարվա փորձով՝ ժամանակակից, փորձարարական, մոդեռն և իմպրովիզացիոն ոճերում։ Նա ուսանել է ավելի քան 15 միջազգային պարուսույցների մոտ՝ հարստացնելով իր փորձառությունը մասնագիտական ոլորտում։ Կարիերայի ընթացքում նրան հրավիրել են որպես պարուհի, պարագիր և ուսուցիչ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան և Քուվեյթ։ 2019 թվականին նա եղել է Compania Giardino Chiuso և Teatro Cantiere Florida թատրոնների հրավիրյալ գլխավոր պարուհի, ինչպես նաև պարուհի-պարագիր՝ ImpArt պարային ընկերությունում, Գերմանիայում։ Նրա «Isolation» պարային ֆիլմը 2020 թվականին արժանացել է առաջին մրցանակին Creative Armenia-ի «Selfquarexperiment» մրցույթում։ 2023-2024 թվականներին նա եղել է Käfig պարային ընկերության հրավիրյալ գլխավոր պարուհի Ֆրանսիայում և ներկայումս շարունակում է իր ակտիվ համագործակցությունը երաժշտական տեսահոլովակների, նորաձևության նախագծերի, համերգների և փառատոնների շրջանակներում։